2023 թվականի օգոստոսի 1-3-ը Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից Հայաստանում կազմակերպվեց և անցկացվեց Ազգային երիտասարդական համաժողով:
«Երիտասարդների կողմից՝ երիտասարդների համար» կարգախոսի ներքո իրականացվող եռօրյա համաժողովին մասնակցում էին 50-ից ավելի երկրներից ժամանած 18-35 տարեկան 600 սփյուռքահայ երիտասարդներ համայնքային, գիտական, կրթական, մշակութային և այլ շրջանակներից: Համաժողովին հրավիրված էին նաև 100 բանախոսներ 15-ից ավելի երկրներից: Համաժողովի նպատակն էր՝ երիտասարդներին մասնակից դարձնել Հայաստանի զարգացման գործընթացին, կապ հաստատել և հզորացնել միմյանց, ինչպես նաև ոգևորել, ընդլայնել իրենց աշխատանքը և ներգրավվածությունը համայնքներում։
Համաժողովի օրակարգային թեմաներն առնչվում էին երիտասարդության դերին, երիտասարդների ներգրավվածության մոդելներին, հայկական շահերի պաշտպանությանը և ազգային անվտանգությանը, Հայաստան-Սփյուռք հարաբերություններին, ինքնությանը, գիտության և կրթության զարգացմանը, տեխնոլոգիական առաջընթացին, հայրենիքում առկա հնարավորություներին, հայրենադարձությանը և այլն:
Ազգային երիտասարդական համաժողովի ամփոփիչ պանելային քննարկումը նվիրված էր հայրենադարձությանը: «Մտածելակերպի փոփոխություն. Հայաստանը՝ որպես մշտական տուն» խորագրի ներքո զրուցել են Կարո Հովագիմյան բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Հակոբ Մակդիսը, ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնի ծրագրերի ղեկավար Մարգարիտա Բաղդասարյանը, «Repat Armenia» հիմնադրամի նախագահ և համահիմնադիր Վարդան Մարաշլյանը, «Գրադարակ գրադարաններ» ՀԿ-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Արուսիկ Զեյնալյանը, «Oqni» ՀԿ-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Հայկ Բագրադյանցը և «Զանազան» ստուդիոյի ճարտարապետ Շահե Սիմոնյանը:
Համաժողովն ամփոփվել է համայնքային, տարածաշրջանային կապերի ստեղծման և մշակութային միջոցառումներով: