«ԿԱՐՈ ՀՈՎԱԳԻՄՅԱՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ
«Կարո Հովագիմյան» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է ժամանակի ծանր, բայց միևնույն ժամանակ պարտավորեցնող հանգամանքների առկայության պայմաններում։
Հիմնադրամը կրում է մերօրյա հերոս սերժանտ Կարո Սարգիսի Հովագիմյանի անունը, որը արցախյան 3-րդ՝ 44-օրյա պատերազմի անմահ նահատակներից է։
Կարոն ծնվել է Սիրիայի Արաբական Հանրապետության Հալեպ քաղաքում՝ 2000թ․-ին։ 2003 թ․-ին ծնողների հետ հայրենադարձել է Հայաստանի Հանրապետություն։ Նախնական կրթությունը ստացել է Երևան քաղաքի Խ․ Աբովյանի անվան թիվ 2 դպրոցում, այնուհետև կրթությունը շարունակել է Արտաշես Շահինյանի անվան Ֆիզմաթ դպրոցում։ Ավարտել է Գևորգ Էմինի անվան դպրոցը։ 2018 թ.-ին ընդունվել է ԵՊԲՀ՝ Մ․ Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետ։ Ցավոք, ուսումը մնացել է անավարտ. Կարոն կյանքը նվիրեց հայրենիքի պաշտպանությանը։
Կարոն ակտիվ և տոկուն երիտասարդ էր. կրթությանը զուգահեռ նա հաճախում էր հայկական ազգագրական պարերի դասընթացների, արևելյան մարտարվեստի և կիթառի պարապմունքների։
2019 թ․-ի հունվարին զորակոչվել է Հայոց բանակ և ծառայությունը իրականացրել որպես բուժակ։ Գերազանց և կարգապահ ծառայության համար արժանացել է «Սերժանտի» զինվորական կոչման։
Սեպտեմբերի 27-ին սկսված արցախյան 44-օրյա պատերազմի առաջին իսկ օրերից Կարոն կատարել է հայրենիքի և զինակից ընկերների հանդեպ իր պարտքը։ Նահատակվել է 2020թ.-ի հոկտեմբեր 10-ին Հադրութի համար մղված մարտերում:
Փորձելով հաղթահարել իրենց վիշտը՝ անմահ հերոսի ծնողները որոշեցին ստեղծել «Կարո Հովագիմյան» բարեգործական հիմնադրամը՝ իմաստավորելու և շարունակելու ապագա բժիշկ Կարոյի կիսատ թողած գործը՝ բժշկելու առաքելությունը։
Այդ նպատակի համար ներդրվել են պետության կողմից տրամադրված զոհված զինվորի աջակցության, թոշակի և մահվան նպաստի բոլոր գումարները, ինչպես նաև Կարոյի մահվան առիթով հավաքված մասնավոր այլ գումարային նվիրատվությունները՝ ծառայացնելով բարեգործության նպատակին։
ՇԱՀԱՌՈՒՆԵՐ
Հիմնադրամի շահառուներ են հանդիսանում ՀՀ այն քաղաքացիները, որոնք բնակվում են ՀՀ-ում առնվազն վերջին երեք տարին անընդմեջ, ինչպես նաև՝ հայրենադարձած այն սփյուռքահայերը, որոնք ՀՀ քաղաքացի չեն, սակայն բնակվում են ՀՀ-ում առնվազն վերջին երկու տարին անընդմեջ։
Ինչպես նաև.
1. եթե ընտանիքում առկա է 1 կամ ավել հաշմանդամություն ունեցող երեխա
2. եթե ընտանիքը հաշվառված է անապահով պետության կողմից (նպաստառու է)
3. արցախյան 3-րդ պատերազմի մասնակից վիրավորներն ու զոհվածների ընտանքի անդամները