ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ

Հունիսի 3-ին «Երազ» ռեստորանի հանդիսությունների սրահում կայացավ «Այ-Էս-Դի» ստոմատոլոգիական դպրոցի 2022-2023 թթ. ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական միջոցառումը: Միջոցառման մեկնարկը տրվեց՝ մեկ րոպե լռությամբ ոտնկայս հարգելով Կարո Հովագիմյանի՝ Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված հերոսի հիշատակը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Այ-Էս-Դի» ստոմատոլոգիական դպրոցում պաշտոնական արարողությամբ բացվել էր Կարոյի անունը կրող լսարան, որտեղ մինչ օրս անցկացվում են երիտասարդ բժիշկ-ստոմատոլոգների վերապատրաստման մի շարք դասընթացներ:

Ավարտական միջոցառման մասնակցության հրավեր էր ստացել նաև «Կարո Հովագիմյան» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Հակոբ Մակդիսը: Վերջինս մարտի 16-30-ը «Այ-Էս-Դի» ստոմատոլոգիական դպրոցում վարել էր դասախոսությունների շարք «Հաղորդակցման հմտություններ և հետադարձ կապ», «Բանակցային հմտությունների ներուժը», «Մշակութային ինտելեկտ և առաջնորդություն» խորագրերով:

Դասախոսությունների ժամանակ քննարկվել են բժիշկ-բուժառու արդյունավետ հաղորդակցման հիմքերը, բուժառուին ակտիվ լսելու, ապրումակցելու, կարեկցելու անհրաժեշտությունը՝ վերջինիս վստահությունը շահելու և ակնկալիքները արդարացնելու համար: Ունկնդիրները ծանոթացել են ոչ վերբալ հաղորդակցման ասպեկտներին, մարմնի, ժեստերի լեզվի տիրապետման կարևորությանը ոչ միայն մասնագիտական ոլորտում, այլև առօրյա կյանքում: Շեշտվել է նաև հետադարձ կապի միջոցներ ունենալու նշանակությունը` բուժառուի բավարարվածությունը, գոհունակությունը գնահատելու և բժշկի որակավորումը բարձրացնելու տեսանկյունից: Հստակ սահմանվել են մշակութային և էմոցիոնալ ինտելեկտ եզրույթների տարբերությունները, կարևորվել դրանց բարձր ցուցանիշները բժիշկ-ստոմատոլոգի մասնագիտական գործունեության ընթացքում՝ բուժառուի վստահությունը շահելու, փոխադարձ ըմբռնման և առողջ հաղորդակցման հիմքեր գտնելու նպատակով: