Հիմնադրամի փոքրիկ շահառուները տոնեցին Հունիսի 1-ը

Սիրելի՛ փոքրիկներ, «Կարո Հովագիմյան» բարեգործական հիմնադրամը ջերմորեն շնորհավորում է բոլորիդ՝ Երեխաների տոնի կապակցությամբ: Թող որ խաղաղությունն ու երջանկությունը լինեն ձեր մշտական ուղեկիցը, շրջապատված լինեք անսահման սիրով և հոգատարությամբ:

Կարծում ենք, որ մեր հասարակության ու մեզանից յուրաքանչյուրի պարտքն ու առաքելությունն է՝ սատար կանգնել մեր երեխաների երազանքների ու նպատակների իրականացմանը:

Հիմնադրամի կողմից իրականացվող գրեթե բոլոր ծրագրերն, ըստ էության, երեխայակենտրոն են և միտված են երեխաների կյանքն առավել ապահով, առողջ, բարեկեցիկ ու անհոգ դարձնելուն: Մեր փափագն է, որ մանկության ամեն մի օրը դառնա լուսավոր ու վառ հիշողություն, ուստի այս գեղեցիկ տոնի առթիվ մեր կողմից թեմատիկ միջոցառման կազմակերպումը ևս բացառություն չէ: Հիմնադրամի և «Երևան պարկ» զվարճանքների զբոսայգու միջև առկա համագործակցության շրջանակում մեր փոքրիկ շահառուները հնարավորություն ունեցան յուրահատուկ օր անցկացնելու զբոսայգում՝ վայելելով հրաշալի և հեքիաթային, անմոռանալի պահեր: