ՀՀ Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի միջնակարգ դպրոցի գրադարանի բացումը

2025 թ. հունվարի 25-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզի Ակունք սահմանամերձ գյուղում տեղի ունեցավ միջնակարգ դպրոցի նոր գրադարանի բացումը։ Դպրոցը ներկայումս ունի 370 աշակերտ։«Կարո Հովագիմյան» հիմնադրամն ու Կանադայի Հայոց Թեմի Ազգային Առաջնորդարանը նպատակահարմար գտան համատեղ ջանքերով վերանորոգել գյուղի գրադարանը, զինել այն արդի միջոցներով և վերածել այն լույսի աղբյուրի, որը կկարողանա հագեցնել դպրոցի գրքասեր և ուսանող աշակերտների գիտելիքի ծարավը

Վերանորոգված գրադարանի բացման առթիվ դպրոցի տնօրեն տիկին Լուսինե Ավագյանի, ուսուցչական կազմի և աշակերտների մասնակցությամբ կազմակերպվել էր գեղարվեստական տոնական ծրագիր։ Սրտանց ոգևորիչ խոսքերը վկայում էին բոլորի սերը գրքի հանդեպ և վերանորոգված գրադարանի կարևորությունը, որը իր 8000 հին և նոր համալրված գրքերով ու հարմարավետ կահավորմամբ դարձավ բազմակողմանի զարգացման սիրելի վայր՝ լույսի ակունք։ Կարևորը նաև այն է, որ այս դպրոցի աշակերտները ոչ միայն գրքասեր են, այլև գրքաստեղծ. դպրոցի երեք աշակերտներ արդեն իսկ գրքերի հեղինակ են։

Գրադարանի բացման արարողության ընթացքում իր սրտի խոսքն ասաց «Կարո Հովագիմյան» հիմնադրամի հիմնադիր, պարոն Սարգիս Հովագիմյանը։ Նա նշեց․ «Հայրենիքը սկսվում է սահմանից, որի համար զոհվել են մեր ազգի զավակները։ Հայրենիքը հողն է, իսկ հողը պահողը մարդն է, որը պետք է զինվի գիտելիքով։ Այս գաղափարով առաջնորդվելով՝ մեր հիմնադրամը միշտ կարևորել է ուշադրությունը դեպի մարզեր։ Այս գրադարանի վերանորոգումը կարևոր և պատասխանատու աշխատանք էր, որպեսզի դպրոցի աշակերտները հնարավորություն ունենան գիտելիքով զինվելու և դառնան լավ հայ մարդ»։

Ազգային Առաջնորդարանի Դիվանապետ դոկտոր Տանյա Օհանյանը, Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Բաբգէն Արքեպիսկոպոս Չարեանի անունից ողջունեց ներկաներին և նշեց․ «Հայաստանում իրականացրած մեր ծրագրերի հիմնական նպատակը եղել են սահմանամերձ շրջանները։ Այս նախաձեռնությամբ փորձեցինք մի քիչ արև բերել այստեղ։ Ուրախ ենք, որ «Կարո Հովագիմյան» հիմնադրամի գործադիր տնօրեն պարոն Հակոբ Մակդիսի հետ կարողացանք իրականացնել այս ծրագիրը, որի միջոցով նաև կապ կստեղծվի այս դպրոցի և Կանադայում ապրող հասակակից աշակերտների միջև»։

Հանդ իսությունը եզրափակեց Վարդենիսի հոգևոր հովիվ՝ արժանապատիվ Տեր Հարություն քահանա Յունանյանը՝ ասելով․ «Մեր կյանքի երեք կարևոր արժեքներն են՝ եկեղեցին, որը ներկայացնում է Կանադայի Ազգային Առաջնորդարանը, հայրենիքը, որի անունով ստեղծվել է «Կարո Հովագիմյան» հիմնադրամը, և գիտությունը, որը ներկայացնում է դպրոցը իր վերանորոգված գրադարանով։ Այսօր այս նախաձեռնությամբ մեծարեցինք այս երեք արժեքները, որոնք մեր փրկության ուղին են։ Թող այս գրադարանը դառնա սերունդներ կրթելու հնարավորություն»։

Գրադարանում կատարված վերանորոգման և կահավորման աշխատանքները իրականացվել են «Կարո Հովագիմյան» բարեգործական հիմնադրամի և Կանադայի Հայոց Թեմի Առաջնորդ՝ Գերաշնորհ Տ. Բաբգէն Արքեպիսկոպոս Չարեանի եւ Ազգային Առաջնորդարանի աջակցությամբ: