«ՄԱՀ ՈՉ ԻՄԱՑԵԱԼ՝ ՄԱՀ Է, ՄԱՀ ԻՄԱՑԵԱԼ՝ ԱՆՄԱՀՈՒԹԻՒՆ»
«Կարո Հովագիմյան» բարեգործական հիմնադրամի համար սեպտեմբերի 9-ը՝ Կարոյի ծննդյան օրը, ոչ միայն հիշատակի, այլև վերածննդի` ուրիշներին ապրեցնելու իմաստ և խորհուրդ ունի, ուստի պատահական չէ, որ 3 տարի անընդմեջ հենց այս խորհրդանշական օրը Հիմնադրամն ամփոփում է առկա ծրագրերը, արդյունքները և հետագա անելիքները:
Մեկ հարկի ներքո հրավիրյալներն ընտանիքի բարեկամներ, ընկերներ, գործընկերներ, պետական և մասնավոր ոլորտի ներկայացուցիչներն էին, որոնք ուշադիր և հետամուտ են քաջարի զինվորի՝ Կարոյի հիշատակը հավերժացնող Հիմնադրամի գործունությանը:
«Եղիցի հույս», «Դու մենակ չես», «Պարգևիր ժպիտ», «Շարունակենք ճանապարհը միասին» կարգախոսներով էլ առաջնորդվում է Հիմնադրամն իր ծրագրերն իրականացնելիս՝ քիչ թե շատ լցնելով այն դատարկությունը, որը մնաց Կարոյի զոհվելուց հետո:Միջոցառման ընթացքում հնչեցին հիշատակի, երախտիքի, շնորհավորանքի խոսքեր, ներկայացվեց Հիմնադրամի գործունեության մասին ֆիլմ և հաշվետու զեկույց:
Դե իհարկե, երեկոյի գլխավոր հերոսները նաև առողջական ակներև հաղթանակների հեղինակներն էին՝ կյանքի համառ պայքարից չնահանջած մեր պատանիները: «Ուղղիր մեջքդ» ծրագրի շրջանակում վիրահատված փոքրիկներն իրենց հետ տարան Կարոյի դիմանկարով հուշարձանիկ՝ «Դու մենակ չես» վերտառությամբ:
Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր աջակցում են մեզ և բարձր են գնահատում Հիմնադրամի կարևոր առաքելությունը:
ՔԱՐԵ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ՝ ԿԵՆԴԱՆԻ ՀՈՒՇԱՐՁԱՆ