Շիրակի մարզի Կամոյի միջնակարգ դպրոցի ավագ դասարանի սաների այցը «Վարդենի Գյումրի»


«Կրթություն. մասնագիտական կողմնորոշում» ծրագրի շրջանակում Հիմնադրամն այս անգամ ապահովեց Շիրակի մարզի Կամոյի միջնակարգ դպրոցի ավագ դասարանի սաների այցը «Վարդենի Գյումրի», որտեղ աճում է 33 տեսակ վարդ (100.000 տնկի):


Մինչ վարդերի կախարդական աշխարհում հայտնվելը, «Վարդենի Գյումրի» ջերմոցային տնտեսության տնօրեն, գյումրեցի գործարար Ցոլակ Չադրյանը ներկայացրեց ջերմոցի սկզբնական հատվածում աճող 80 և ավելի տեսակի (15 տեսակը ցիտրուս) սենյակային բույսերի, իսկ այնուհետև՝ վարդերի աճեցման, խնամքի նրբությունները, մանրամասները:


Նա հավելեց, որ համասեփականատեր և լավ ընկեր Արտյոմ Խաչատրյանի հետ միասին են անցել և անցնում այս երկար ճանապարհը՝ զարգացնելով այս հրաշալի նախաձեռնությունը:


Հիդրոպոնիկ համակարգով արդեն իսկ 6 տարի գործող և տարին 12 ամիս ծաղկող վարդերի մեծ ջերմոցը, եռանդով և մեծ նվիրումով աշխատող աշխատակիցները, գյումրեցուն վայել հյուրընկալությունն ու ջերմությունը, իրոք, տպավորեցին բոլորին:


Վերջում մեզ սպասվում էր ևս մեկ անակնկալ՝ նախ օգտվեցինք ջերմոցում աճող բարիքներից, նվեր ստացանք անուշաբույր վարդեր և ծանոթացանք ջերմոցային տնտեսությանը զուգահեռ «Վարդենի Գյումրի»-ում 100% բնական հումքից պատրաստվող օճառների և մաշկի խնամքի այլ միջոցների տեսականուն:


Մեր տեղական արտադրողներին, տնտեսվարողներին մաղթում ենք ուժ ու կորով՝ առկա բոլոր խոչընդոտները հաղթահարելու և միջազգային շուկաներում արժանի տեղեր զբաղեցնելու համար:


Հիշեցնենք, որ Ծրագիրն իրականացվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունՄասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոն -ի հետ համագործակցությամբ: